ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ կոչ է արել ավելացնել հումանիտար օգնության ծավալը Գազայի հատվածի համար:
ԱՄՆ վետոյի սպառնալիքի հաղթահարման պայքարի մի քանի օրերից հետո ՄԱԿ ԱԽ-ը ընդունել է բանաձև, որով կոչ է արվում քայլեր ձեռնարկել Գազայի հատված ընդլայնված հումանիտար օգնության անվտանգ, անխոչընդոտ առաքման և հրադադարի հաստատման համար։
Բանաձևին կողմ է քվեարկել 13 երկիր, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ձեռնպահ են մնացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունը հսկայական խոչընդոտներ է ստեղծում հումանիտար օգնության բաշխման համար: Գուտերեշն Իսրայելի իշխանությանը կոչ է արել հնարավորինս արագ վերացնել առևտրային գործունեության սահմանափակումները։
«Մարդասիրական զինադադարը Գազայի ժողովրդի կարիքները բավարարելու և այս շարունակվող մղձավանջին վերջ տալու միակ միջոցն է: Հուսով եմ, որ Անվտանգության խորհրդի բանաձևը կարող է օգնել, որպեսզի դա տեղի ունենա, բայց շատ ավելին է անհրաժեշտ»,- հավելել է Անտոնիու Գուտերեշը։