Բյուջեն մենք միշտ գերակատարում ենք, ուստի վստահ եմ, որ այն ներդրումը, որ մենք անում ենք տնտեսության մեջ, կբերի և բերում է այն արդյունքները, որոնք դուք տեսնում եք: Արդեն երկու տարի է՝ 2022 և 2023 թվականներին, ՀՀ տնտեսությունը աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է, առաջին տասնյակում է: Կարծում եմ՝ այս տարի կլինի առաջին հնգյակում: Դա ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված: Այդ մասին լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Չեմ կիսում այն տեսակետը, որ այդ բումը միայն ռելոկանտների գալու արդյունքն է: Բնականաբար, ՀՀ կառավարությունը և մենք մեր քաղաքական թիմով անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա գրավիչ միջավայր ապրելու, աշխատելու, ստեղծագործելու համար, և այդ միջավայրի վրա կատարած աշխատանքի արդյունքում է, որ այն մարդիկ, որոնք ստիպված էին լքել Ռուսաստանը, ընտրել են Հայաստանը, որովհետև իրենք չեն ընտրել, ասենք, Ադրբեջանը, բազմաթիվ այլ երկրներ, բայց Հայաստանը գլխավոր շահառուներից մեկն է այդ միգրացիայի, և, կարծում եմ, որ այսօր ՏՏ-ին վերաբերող օրենքի ընդունումը միտված է նրան, որ մենք ցույց տանք աշխարհի մարդկանց, որ Հայաստանը IT-ով զբաղվելու համար լավ տեղ է»,- նշեց Քերոբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կշարունակվի՞ բումը, ապա էկոնոմիկայի նախարարն ասաց հետևյալը. «Գիտեք, որ 2024 թվականին Կառավարությունը ևս կանխատեսել է 7 տոկոս տնտեսական աճ. կան մարտահրավերներ, ես չեմ կարող թաքցնել, բայց կան նաև շատ հնարավորություններ, որոնք պատշաճ իրականացնելու դեպքում մենք էլի կհասնենք մեր թիրախին»: