Երբ մենք խոսում ենք բանկային գաղտնիքի վերաբերյալ, այսինքն՝ հրապարակենք այն մարդկանց ցանկը, որոնք ստացել են վարկեր, և ուզում ենք այդ վարկերը ներել, այդ ցանկը ընդամենը կազմում է 10 տոկոսից մի փոքր ավելին, որովհետև 315 միլիարդ դրամի մեջ 187 միլիարդ դրամը ԼՂ կառավարության պարտատոմսերն են, 85,5 միլիարդ դրամը՝ հիմնադրամի պարտատոմսերը, 22,5 միլիարդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն են, և 19 միլիարդ դրամը՝ իրավաբական անձանց: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ունեցած եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք հրապարակելու ենք, եթե այդպես որոշվի, ընդամենը այդ ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի մասը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ հանրությունը կարող է հետաքրքրվածություն ունենալ՝ հարցի հետ կապված, եթե չարաշահման հարցեր կան»,- նշեց նախարարը:
Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցերին ու մտահոգություններին, թե բանկային համակարգը ենթարկվում է հավելյալ սթրեսի, ընդգծեց՝ պետք չէ կիրառել երկակի ստանդարտներ:
«Սա ամենաարդյունավետ, բալանսավորված որոշումն է: Այս որոշման նպատակը բանկային համակարգի կայունությունն ապահովելն է, նաև որոշ չափով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների վարկունակության վրա է ազդելու, որովհետև այն մարդիկ, որոնք պատշաճ ձևով վերցրել են վարկերը և հիմա հնարավորություն չունեն սպասարկելու, իրենց նկատմամբ այդ պահանջի իրավունքը կվերանա, եթե խնդրահարույց գործարքներ իրականացված չեն»,- նշեց Հովհաննիսյանը: