ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն և փախստականների և միգրանտների կարիքներին արձագանքման հարցերով Եվրոպայում հատուկ համակարգող Ռեջինա դե Դոմինիչիսը ամփոփել է Հայաստան այցը: Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից:
«Այցի ընթացքում դե Դոմինիչիսը հանդիպել է ՀՀ Կառավարության պաշտոնատար անձանց՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Քննարկումներն ընթանում էին ընթացիկ բարեփոխումներին ուղղված աջակցության և Հայաստանում երեխաների հիմնական առաջնահերթությունների շուրջ:
Դե Դոմինիչիսը վերահաստատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ շարունակելու գործակցել ՀՀ Կառավարության հետ հումանիտար-զարգացման ծրագրերի շրջանակում՝ ապահովելու բոլոր երեխաների, այդ թվում՝ փախստական երեխաների և ընտանիքների համար հավասար հասանելիություն պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ծառայություններին:
Սեպտեմբերին փախստականների ներհոսքին արձագանքելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է առաջնագծում հարյուրավոր սոցիալական աշխատողների՝ տրամադրելու հոգեբանական առաջին օգնություն և աջակցություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամք՝ արդեն ընդգրկելով 7025 երեխայի, դեռահասների և խնամակալների:
«Տեղահանումը խորապես ազդում է երեխաների վրա: Չպետք է մոռանանք, որ 30000 երեխայի և նրանց ընտանիքներին անհրաժեշտ են ընթացիկ հոգեբանական աջակցություն և մշտական հասանելիություն կենսական նշանակության ծառայություններին»,- նշել է դե Դոմինիչիսը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մինչև 2024 թ.-ի մարտ ամիսը 12,6 մլն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու համար: Այս կոչը միայն 40 տոկոսով է ֆինանսավորված:
Ավելի քան 3700 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և ուսումնական այլ պարագաներ, իսկ հինգ մարզերի մանկապարտեզների 320-հոգանոց աշխատակազմը վերապատրաստվել է բոլոր երեխաների համար ներառական ուսումնական միջավայր ապահովելու համար: Աշխատանքներ են տարվում 14,000 երեխաների ընտանիքների այս տարի հագուստի վաուչեր տրամադրել, իսկ 2,500 հղի և նոր ծննդաբերած կանանց՝ դեղատներից օգտվելու վաուչերներ:
Այցի ընթացքում դե Դոմինիչիսը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող կենտրոն, որը խնամք և աջակցություն է տրամադրում խոցելի երեխաներին և ընտանիքներին, այդ թվում բռնություն վերապրած և փախստական երեխաներին: Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնը» երեխաների և նրանց ընտանիքների համար ապահով վայր է, որտեղ նրանք կարող են օգտվել կենսական նշանակության, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցության և առողջապահության ծառայություններից: Կենտրոնը նաև աջակում է կախել ընտանիքների բաժանումը:
«Կենտրոնում ես հանդիպեցի Հիլդա անունով մի փոքրիկ աղջկա, որ, չնայած իր դժվարություններին, պատմեց ինձ, որ սիրում է իր դպրոցը, մաթեմատիկան և ցանկանում է նկարիչ դառնալ: Նրան դուր է գալիս կենտրոն գալ, քանի որ այնտեղ նա խաղաղություն է գտնում: Կենտրոնը փրկօղակ է երեխաների և նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալական աշխատողները և հոգեսոցիալական աջակցության մասնագետները անհավանական աշխատանք են կատարում գործերի կառավարման և ուղղորդման հարցում», - նշել է դե Դոմինիչիսը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աշխատել ՀՀ կառավարության, գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ երեխաների և նրանց ծնողների համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հասանելիությունն ընդլայնելու համար՝ միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում շարունակելով ուժեղացնել համայնքային ծառայությունները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործում է 1994 թվականից և աջակցում է Կառավարությանը երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական քաղաքականության ոլորտներում՝ Հայաստանի երեխաների կարիքների արձագանքմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման գործում՝ կենտրոնանալով բնակչության առավել խոցելի շերտերի վրա»,- նշվածէ հաղորդագրության մեջ։