Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորությունը։
«Այս հարցի շուրջ մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է դեսպանը։
Պատասխանելով վերջին ամիսներին Արևմուտքի հետ շփումները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում ավելացնելու՝ Երևանի դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ Կոպիրկինը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում շարունակվում է։
«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկարատև ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի վրա։ Կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և բարձր որակով, կամ իրականացման վերջնական փուլում են։ Քննարկվում են նաև մեր երկրների միջև նոր համաձայնագրեր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Որոշ առանձին պայմանագրերի վերաբերյալ իսկապես կան հարցեր՝ կապված ռուսաստանյան ձեռնարկությունների՝ պետական պաշտպանական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- նշել է Կոպիրկինը։