ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով: ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ-ի առաջին առևտրային գործընկերն է: Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, Երևանի և ԱՄԷ տարբեր քաղաքների միջև տեղի են ունենում շաբաթական շուրջ 30 չվերթեր: ԱՄԷ-ի քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը նաև ծառայում է որպես տարանցիկ ուղի ՀՀ քաղաքացիների համար՝ Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար: Ըստ այդմ՝ առաջացել է անհրաժեշտություն երկու երկրների միջև մուտքի արտոնագրի և վճարի պահանջները փոփոխելու:
ՀՀ-ի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում (2009-ին ստորագրված) փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին: Այն փոփոխելու մասին համաձանագիրը վավերացնելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետ ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքներով առանց մուտքի արտոնագրի և վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրերն են համարվում երկու երկրների վավերական, դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրի կողմեր ունեցող քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,- ասաց Վահան Կոստանյանը:
Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ 2009-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը գործում է 2021-ի հունվարի 14-ից: Այս արձանագրությունն արդեն իսկ ավարտել է իր ներպետական գործընթացն էմիրաթական կողմում, և այն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարումից 30 օր հետո ամբողջությամբ կմտնի ուժի մեջ:
«Եթե այսօր խորհրդարանը հավանություն տա տվյալ փաստաթղթին, ապա ավտոմատ կերպով, միանգամից ուժի մեջ չի մտնելու, և մեր քաղաքացիները մի քիչ էլ պիտի համբերություն ունենան, սպասեն, որպեսզի ավարտենք ներպետական ընթացակարգը: Այսինքն՝ կստորագրվի, և կտեղեկացնենք դրա մասին էմիրաթական կողմին, ինչից հետո ԱԳՆ-ն նաև հանրային կերպով հստակ կլուսաբանի, թե երբ մեր քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի ԱՄԷ ճամփորդել»,- ասաց նա: