Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
«Նախարար Ֆիդանը մատնանշել է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱԳՆ ներկայացուցչի խոսքը։
Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր մոտ ապագայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի հրավերներ է ուղարկել: Միևնույն ժամանակ, նա ձեռնպահ է մնացել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը քննարկելու նպատակով ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներից: