Իսպանիան վետո է կիրառել Կարմիր ծովում նավարկության ազատության և նավերի անվտանգության ապահովմանն ուղղված՝ ԱՄՆ գործողությանը Եվրոպայի մասնակցության հանդեպ։ Այդ մասին հայտնում է El Confidencial թերթը։
Տեղեկությունների համաձայն՝ Մադրիդն ի սկզբանե ձգտել է ամբողջ համայնքի ներգրավմանն առաքելությանը։ Այդպիսով, դեկտեմբերի 20-ին հրավիրված արտակարգ նիստի ժամանակ ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն միաձայն հավանություն է տվել նախաձեռնությանը մասնակցելուն Atalanta գործողության ընդլայնման միջոցով։
Սակայն, ըստ պարբերականի, դեկտեմբերի 21-ին Մադրիդը փոխել է իր դիրքորոշումը և վետո է կիրառել այդ որոշման հանդեպ: Եվրոպական դիվանագիտական աղբյուրները թերթին հայտնել են, որ Իսպանիայի կառավարությունը գործընկերներին չի բացատրել «իր դիրքորոշման փոփոխությունը»։
Դեկտեմբերի 20-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները որոշել են մասնակցել ԱՄՆ-ի Prosperity Guardian գործողությանը` ապահովելու Կարմիր ծովում նավարկության ազատությունն ու նավերի պաշտպանությունը:
Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի ապստամբները (հուսիները) հայտարարել են, որ հարձակումներ են իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չեն տա Իսրայելի հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարեցվի։ Ի պատասխան՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Կարմիր ծովում Prosperity Guardian գործողություն սկսելու մտադրության մասին՝ նավագնացության ազատությունն ու նավերի անվտանգությունն ապահովելու համար։