ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից:
Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ ստարտափ սամմիթի» անցկացմանը։
«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
«Սիսայդ ստարտափ սամիթ» նախագիծն անցկացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միջոցառման շրջանակներում ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում հավաքվել մեկ հարկի տակ, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, բարելավել իրենց նախագծերը, ներկայացնել դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին։
«Սիսայդ ստարտափ սամիթ» բիզնես ֆորումը 2024 թ. կանցկացվի փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններուում։
Նախագծի իրականացման սկզբից մինչ օրս Հայաստանում՝ Սևանի ափին անցկացվել է 5, արտերկրում՝ 4 ֆորում։