Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ծավալուն փոփոխություններ ենք նախատեսել: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ պարբերաբար իրականացվել են տարիների ընթացքում, բայց ընդունված օրենսգրքի համակարգային վերլուծություն երևի թե արվել է այս նախագծի շրջանակում: Այս մասին իր ելույթում ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը միտված է մեր քաղաքացիների համար ավելի լավ ծառայություններ մատուցելուն, ինչպես նաև դրա արդյունքում նաև որոշակի քայլեր են նախատեսված դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցելու համար:
Խոշոր փոփոխությունները, որ արվել են, նախատեսում են նոր կարգավորումներ, որով, օրինակ, գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները:
Նախատեսվում է նաև ծանուցումները իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով, և սահմանել, որ դա հնարավոր է, եթե կողմը դատարանին ինքն է տրամադրել իր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Նախատեսվում են վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ, որպեսզի Վերաքննիչ դատարանը բեռնաթափվի փոքր գործերից: Վերանայվում է դատարանների միջև ենթակայության մասին վեճերի լուծման կարգը:
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ 2018-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, և վերջին 5 տարում դրա պրակտիկ կիրառման ժամանակ վեր են հանվել օրենսգրքի կարգավորումների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված քննարկվող նախագիծը:
«Նախագիծը միտված է օրենսգրքում առկա այնպիսի կառուցակարգերի բարելավմանը, որոնք բարձրացնելու են քաղաքացիական դատավարության արդյունավետությունը, նպաստելու են դատավարական խնայողության սկզբունքի ապահովմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը, էլեկտրոնային գործիքների կիրառման ընդլայնմանը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքացիների դատավարական իրավունքների արդյունավետության բարձրացմանը և դատարանների բեռնաթափմանը»,- ասաց Ջուլհակյանը: