Թեման շատ կարևոր ու ծավալուն է: Փորձեմ պարզաբանել, որ մեր հայրենակիցների համար էլ պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել: ԼՂ կառավարությունը թողարկել է պարտատոմսեր, որոնք գնել են ՀՀ առևտրային բանկերը, այսինքն՝ ՀՀ բանկերը պարտքով փող են տվել ԼՂ կառավարությանը: Գումար են տվել նրա համար, որովհետև պարտատոմսերը հավասարեցված են եղել Հայաստանի պետական պարտատոմսերին իրենց ռիսկայնության աստիճանով, այսինքն՝ իրենք զրո ռիսկով պարտք են տվել: Հիմա եկել-հասել է մի իրավիճակ, երբ պարտապանն իրավաբանորեն գոյություն չունի, և ՀՀ Կառավարությունը պարտքը վերցնում է իր վրա:
Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի ժամանակ ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Այդ գումարը, որը ժամանակին տրվել է ԼՂ կառավարությանը, մի քանի հարյուր միլիարդ դրամ, ընթացքում բաշխվել է տարբեր ծրագրերի համար՝ մի մասը վարկային միջոցներով, մյուս մասը՝ այլ ծրագրերով: Մենք՝ ՀՀ կառավարությունը, այս տարիների ընթացքում այդ գումարներով երբեք չի հետաքրքրվել, այսինքն՝ որևէ մեկը չի հարցրել՝ բա ի՞նչ եղան այդ գումարները: Իմ կարծիքով՝ այն պահից, երբ ԼՂ կառավարությունը որոշել է այս միջոցներով որևէ մեկին վարկ տալ՝ լինի իրավաբանական թե ֆիզիկական անձ, մենք այստեղ այդքան էլ շատ բանկային գաղտնիքի հետ գործ չունենք, որովհետև դրանք եղել են հանրային միջոցներ ոչ թե այս օրենքի ընդունումից հետո, այլ հենց այդ որոշումից անմիջապես հետո: Արդյոք մենք սրանով օգնո՞ւմ ենք բանկային համակարգին: Եթե մենք այս որոշումը չընդունեինք ու պարտքն ամբողջությամբ թողնեինք բանկային համակարգի վրա, ի՞նչ տեղի կունենար»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ այստեղ ռիսկերը հավասարակշռելու մասին է խոսքը:
Թունյանի խոսքով՝ մի կարևոր հանգամանք կա. հաշվի առնելով թեմայի կարևորությունը՝ ՀՀ կառավարությունը, ըստ էության, մի կարևոր խնդիր է լուծում, ու փորձում է դա անել մաքսիմալ բալանսավորված ձևով:
«Խնդիրը պետք է լուծում ստանա, դա միանաշանակ է»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Վահե Հովհաննիսյանը հայտնել էր՝ ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել:
«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 միլիարդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ, ընդ որում՝ ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70 տոկոսի չափի մասով Կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում՝ նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էական մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը և դրանցից բխող՝ տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական ռիսկերը»,- հայտնել էր Վահե Հովհաննիսյանը:
Բացի դրանից՝ ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը և հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետևանքներ չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար: