ԱՄՆ-ի և չինացի բարձրաստիճան գեներալները հինգշաբթի մեկ տարվա ընթացքում առաջին անգամ խոսել են միմյանց հետ՝ նշանավորելով ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականների միջև լարված լռության ավարտը, որը խորապես անհանգստացնում էր Պենտագոնին, հայտնում է CNN-ը:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Բրաուն Կրտսերը հինգշաբթի տեսակոնֆերանս է ունեցել իր չինացի գործընկեր՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի միացյալ շտաբի պետ, գեներալ Լյու Չժենլիի հետ:
«Գեներալ Բրաունը քննարկել է համատեղ աշխատանքի կարևորությունը՝ մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու, սխալ հաշվարկներից խուսափելու և հաղորդակցության բաց ու ուղիղ կապեր պահպանելու համար: Գեներալ Բրաունը վերահաստատել է առարկայական երկխոսությունում ժողովրդական ազատագրական բանակի մասնակցության կարևորությունը՝ թյուրիմացությունների հավանականությունը նվազեցնելու նպատակով»,- ասել է միացյալ շտաբի խոսնակ կապիտան Ջերիալ Դորսին:
Հանդիպման ընթացքում Լյու Չժենլին Բրաունին ասել է, որ «առողջ, կայուն ռազմական հարաբերություններ զարգացնելու համար ԱՄՆ-ն «պետք է ճիշտ հասկանա Չինաստանին»:
Երկու երկրի զինված ուժերի ղեկավարները չէին շփվել ավելի քան մեկ տարի այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելել էր Թայվան, ինչին Չինաստանը պատասխանել էր կղզու շուրջ զորավարժություններով: Այդ ժամանակից ի վեր տեղի են ունեցել մի շարք աղմկահարույց միջադեպեր, այդ թվում՝ Չինաստանի լրտեսական օդապարիկի թռիչքը մայրցամաքային ԱՄՆ-ի վրայով և վերջին երկու տարիներին Արևելյան ու Հարավչինական ծովերի վրայով ամերիկյան ինքնաթիռների նկատմամբ չինացի օդաչուների «ռիսկային» վարքագծի աճը:
Երկու պետության զինված ուժերի միջև հաղորդակցության վերականգնումը նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև անցած ամիս կայացած բանակցությունների առաջնահերթություններից մեկն է եղել: