Փաստացի ունենք հետևյալ իրավիճակը, որ ՀՀ-ն ԼՂ-ի պարտքը վերցնում է իր վրա, այսինքն՝ ինքն է դառնում պարտապան ՀՀ բանկերին: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ուղղված հարցի շրջանակում ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ առաջարկելով բացել հարցը, թե ինչ է նշանակում ԼՂ Կառավարության պարտավորությունների պահանջի զիջում ՀՀ-ին, որպեսզի հանրությանը մեխանիզմը հասկանալի լինի:
«Այդ գումարը կազմում է մոտավորապես 220 միլիարդ դրամ՝ 70 տոկոսը: Բայց քանի որ այդ 220 միլիարդ դրամի մեջ, որը ԼՂ-ն պարտք էր մեր հայաստանյան բանկերին, այդ գումարների մեջ էլ կան գումարներ, որոնք տրվել են ԼՂ-ում գործող որոշակի իրավական, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ որպես վարկեր: Այսինքն՝ եթե ասում ենք պահանջի զիջման իրավունք, նշանակում է, որ ՀՀ Կառավարությունը, դառնալով այդ պարտքի սեփականատեր, նաև դառնում է իրավունքների սեփականատերը, ու եթե պարզվի, որ ենթադրենք, այդ ամբողջ գումարի մեջ կային խնդրահարույց վարկեր, կային օրենքի խախտումներ, ասենք՝ վարկ է տրվել Պողոս Պողոսյանին, որն աննպատակ է օգտագործվել, կամ վարկ է տրվել մեկ ուրիշին, որը ինչ-որ մեխանիզմներով գնացել է ուրիշ տեղ, մենք գործիքակազմ ու հնարավորություններ ունե՞նք այդ գումարների վերաբերյալ գործողություններ կատարելու համար»,- հետաքրքրվեց Թունյանը:
Վահե Հովհաննիսյանը նախ նշեց, որ գումարը եղել է 315 միլիարդից շատ, սակայն ՀՀ Կառավարությունը ֆիլտրել է և որոշել, թե որ կատեգորիաների պարտավորություններն են, որ կարող են մտնել այս գումարի մեջ:
«Այո՛, դուք ճիշտ եք, որ այդ ֆիլտրերից հետո, երբ մենք ունենք այդ պորտֆելը, որի իրավունքն անցնում է մեզ, մենք կարող ենք արդեն առանձին դեպքերով հետևողական լինել և գնալ առանձին դեպքերը բացահայտելու, և եթե պարզվի, որ այնտեղ տեղի են ունեցել որոշակի չարաշահումներ և ապօրինություններ, ապա մենք կարող ենք դրանց հետևից գնալ և այդ գումարների վերադարձման պահանջ ներկայացնել»,- ասաց նախարարը:
«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ եթե ՀՀ-ն 10 տարի ժամկետով 70 տոկոս գումարի չափով պետք է պարտատոմսեր թողարկի, ապա մնացած 30 տոկոս գումարի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Այսինքն՝ 30 տոկոսը ներվելու է քաղաքացիներին, և ոչ թե այդ 30 տոկոսի գումարի մասով բանկերը գնալու են Արցախից ժամանած քաղաքացիների հետևից և փորձելու են ստանալ դրանք:
«Դե, եթե իրավունքն անցնում է ՀՀ-ին, մենք կորոշենք՝ կներվի՞, թե՞ չի ներվի»,- ասաց նախարարը և հավելեց. «315-ի [միլիարդի] իրավունքն անցնում է ՀՀ-ին, այդտեղ կան որոշակի չափով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված վարկեր նաև, բայց հիմնական, գերակշիռ մասը ԼՂ-ի Կառավարության և իր հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերն են»: