Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է քննարկում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հիմնախնդիրները» թեմայով։
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ դատախազության, ՆԳՆ ոստիկանության, հոգեկան առողջության կենտրոնների, իրավասու պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ։
Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի խնդիրների շուրջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի արդյունավետ և ակտիվ համագործակցություն տարբեր պետական մարմինների, հոգեկան առողջության կենտրոնների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ իրավասու գերատեսչությունների հետ։ Ցավոք, դրա հետ մեկտեղ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգ»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս քննարկման շրջանակում ընդգրկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին առնչվող բոլոր ոլորտները և պատասխանատու մարմինները, քանի որ առկա խնդիրները պետք է ուսումնասիրվեն համալիր, տարբեր տեսանկյուններից, որպեսզի հնարավորություն լինի նախանշել լուծման արդյունավետ ուղիներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, մասնավորապես՝ համայնքահենք ծառայությունների ապահովումը, ոլորտի միասնական քաղաքականության անհրաժեշտությունը, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժմանն առնչվող խնդիրները, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների և զսպման մեխանիզմների կիրառումը, հոգեբուժական հաստատություններում առկա ոչ բավարար պահման պայմանները, գերբնակեցումը, ժամկետանց դեղորայքի կիրառումը և մի շարք այլ
hարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների և սոցիալական երաշխիքների բարելավման անհրաժեշտությանը։
Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: