ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ներքին անվտանգության վարչության աշխատակիցները՝ հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում, այցելել են Հայաստանում մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
«Քանի որ ներմուծված հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման համար չի ստացել թույլտվություն, տվյալ խմբաքանակը, ըստ մաքսային ընթացակարգի, հայտարարագրվել է ոչնչացման ենթակա: Իրականում, սակայն, պարզվել է, որ ոչնչացման ենթակա մսամթերքի մի մասը տվյալ ընկերությունը փոխարինել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով, ավելին՝ պարզվել է նաև, որ ապրանքի քաշը ևս չի համապատասխանել հայտարարագրում նշված քաշին։ Հետագա հսկողության արդյունքում էլ պարզ է դարձել, որ 25 տոննա 500 կգ քաշով հավի կրծքամսից 15 տոննա 840 կգ քաշով ոչնչացման ենթակա կրծքամիսն առհասարակ առկա չի եղել: Այս ամենը հաշվի առնելով` ՊԵԿ ՆԱՎ աշխատակիցների կողմից տեղում կանխվել է ոչնչացման գործընթացը:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով թույլ տված խախտումների համար ընկերությունը տուգանվել է ավելի քան 6,900,000 ՀՀ դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: