Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ խնդրելով պարզաբանել՝ եթե ինչ-որ մեկը ԼՂ-ում վերցրել է վարկ ու այդ վարկլով ՀՀ-ում է գնել ինչ-որ մի բան կամ գուցե ոչինչ էլ չի գնել, պարզապես գումարն է վերցրել բանկից, ՀՀ կառավարությունն արդյոք մարելո՞ւ է այդ գումարը, թե՞ ոչ:
Նախարարը պարզաբանեց՝ գումար կարող են վերցնել՝ գրավ դնելով:
«Հիմա եթե գումար են վերցրել, գրավ են դրել որևէ բան, կախված է, թե գրավը որտեղ է: Եթե գրավը եղել է Լեռնային Ղարաբաղում, ապա այս պահին այդ գումարը ներառված է 315 միլիարդ դրամի մեջ, և հետո առանձին քննությամբ պետք է պարզվի՝ այստեղ շինծու գործարք է եղել, ինչի համար է իրականում տրվել այդ վարկը, այսինքն՝ եթե եղել է անգրավ գործարք, ապա հիմա էլ չի մտնում այդ 315-ի մեջ, դա մնում է բանկերի պատասխանատվության ներքո»,- պարզաբանեց նախարարը:
Ալեքսանյանի ճշտող հարցին՝ եթե գրավն ու տրամադրված գումարը ակնհայտորեն անհամապատասխան են, նախարարը նշեց՝ ենթադրաբար, դա առանձին քննության առարկա կդառնա:
«Այս պահին մեր հիմնական խնդիրն էր թույլ չտալ ֆինանսաբանկային համակարգում որևէ սթրես, որովհետև դա շղթայական ռեակցիայով կարող է ազդել մեր ամբողջ տնտեսության վրա, հետևաբար մեր հիմնական խնդիրն է պահպանել այդ կայունությունը և որևէ սթրեսի չենթարկել մեր տնտեսությունը»,- նշեց ֆինանսների նախարարը:
Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Վահե Հովհաննիսյանը հայտնել էր՝ ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: