Նիդերլանդներն Ուկրաինային 102 մլն եվրո կուղարկի որպես 2024 թվականի օգնության առաջին փաթեթ՝ ասված է Նիդերլանդների կառավարության հաղորդագրության մեջ:
«Այդ գումարը հատկացվում է 2 մլրդ եվրոյից, որը նախատեսված է 2024 թվականի բյուջեում Ուկրաինային աջակցելու համար»,- նշել են գործադիրում, հավելել՝ միջոցները նախատեսված են նրա համար, որ օգնեն Ուկրաինային հաղթահարել ձմեռը և պատրաստվել գարնանը։
Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նախարարի պաշտոնակատար Ջեֆրի Վան Լեուվենը հստակեցրել է, որ միջոցները կուղղվեն մարդասիրական օգնության տրամադրմանը, գյուղատնտեսական հողերի և ազատագրված տարածքների ականազերծմանը, բնակչությանը բազային ծառայությունների մատուցմանը, կարևոր ենթակառուցվածքի վերականգնմանը, բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաև էլեկտրացանցի համար սարքավորումների գնմանը: