Ահաբեկչության դեմ պայքարի իմաստը Գազայի հատվածն ամբողջությամբ հողին հավասարեցնելն ու խաղաղ բնակիչների վրա հարձակվելը չէ՝ France 5-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Էմանուել Մակրոնը հավելել է՝ չի կարելի թույլ տալ, որ այդ մոտեցումն օրինաչափություն դառնա: Նա ասել է՝ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի, սակայն ՀԱՄԱՍ-ի հարձակմանը ՑԱՀԱԼ-ի պատասխան գործողությունները համաչափ չեն: Նա կոչ է արել հրադադար հաստատել:
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Մակրոնը վստահեցրել է՝ Փարիզը կշարունակի Կիևին աջակցությունը: «Դա մեզ խաղաղ ապրելու հնարավորություն կտա: Մենք Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չենք: Բայց չպետք է թույլ տանք, որ այդ երկիրը հաղթի»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան առաջիկա ամիսներին կարևոր որոշումներ պետք է կայացնի այդ ուղղությամբ։ «Տեսնում ենք, որ Եվրոպայում, նաև ԱՄՆ-ում սկսում են կասկածել Ուկրաինային աջակցության հարցում: Սակայն Կիևի անվտանգության ամրապնդումը հրամայական է»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։