Դեկտեմբերի 18-ին համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) ընդունել է Ռամոն Օմար Ալմա Գարսիային` վերջինիս՝ Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, և նրան հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը, շնորհավորելով Ռ. Գարսիային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա Հայաստանն ըստ արժանվույն կներկայացնի Դոմինիկյան Հանրապետությունում։ Շնորհակալություն հայտնելով այդ բարձր առաքելությունն իրեն վստահելու համար՝ Ռ. Գարսիան ընդգծել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Հայաստանը, և վերահաստատել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր նպաստը բերելու երկու պետությունների միջև վերընթաց զարգացող հարաբերությունների ամրապնդմանը։