Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելուՍևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները նախարարին են զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Նախարարին են ներկայացվել թվային տվյալներ առգրավված ձկան և որսագործիքների քանակի վերաբերյալ։
Քննարկվել են վերջին օրերին գրանցված միջադեպերը։ Նախարարը իր երախտագիտությունն է հայտնել վերահսկողական միջոցառումների ապահովման գործում ներգրավված մարմինների ներկայացուցիչներին։
Նախարար Սիմիդանը ևս մեկ անգամ շեշտել է, որ սիգ ձկնատեսակի պահպանությունն իրենից պարենային անվտանգության ապահովման խնդիր է ներկայացնում։
«Սա բնապահպանական և անվտանգային լրջագույն խնդրի լուծմանն ուղղված միջոցառում է, որի վերջնանպատակն է ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
Յուրաքանչյուր անօրինության պետության պատասխանը հստակ է և կլինի շարունակական հստակ»,-նշել է նախարարը։
Վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 20-ը։
Հիշեցնենք, որ Սևանում միջադեպ է տեղի ունեցել ձկնորսների, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցների ու «Սևան ազգային պարկի» ծառայողների մասնակցությամբ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ տասնյակ ձկնորսների կողմից առերևույթ կատարված զանգվածային խուլիգանության համար
ձերբակալվել է 26 անձ: