Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ֆինանսավորման համաձայնագրով 2 մլն եվրո կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունման արդյունքում՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար:
Գործադիրի որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովին դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: