Կառավարությունն ընդունել է որոշում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով հանրակրթական առարկաներ դասավանդող և կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման տնտեսված գումարից 15215.2 հազար դրամը կուղղվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման արդյունքում ընթացիկ տարում մասնակցած՝ հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժական աշխատողների ֆինանսավորման համար:
Գործադիրն ընդունել է որոշում՝ հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում պետբյուջեից լրավճար տրամադրելու համար: Ըստ հիմնավորման՝ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2024 թ. միջոցառումների կազմակերպվելու և անցկացվելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. ֆեդերացիայի կողմից անցկացվելու է շուրջ 50 ֆուտբոլային հանդիպում (խաղ), որի համար անհրաժեշտ է 398 000 հազար դրամ: Համապատասխան որոշման ընդունումը կնպաստի ֆուտբոլ մարզաձևի զարգացմանը, մասսայականացմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը: