Գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: 2023 թվականին հավաստագրվել է 1633 ընկերություն։ Օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։ Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10% տոկոսի չափով:
Հավանության է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ նախագծերը: Նախագծերի նպատակն է սահմանել կարգավորումներ, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ՀՀ քաղաքացի չհամարվող խաղացողների ներգրավման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհամարվող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն կազմակերպիչների համար բարենպաստ, հավասար մրցակցային պայմաններ, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից ռեզիդենտ խաղացողների ներգրավման տեսանկյունից: Կստեղծվեն կազմակերպիչների համար բարենպաստ պայմաններ` ՀՀ քաղաքացի չհանդիսացող խաղացողների ներգրավման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար: Նախագծի ընդունումը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ հետևյալ լրացումները. արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին կամ վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում, ՀՀ կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կամ վիճակախաղերի մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման կարգը և այլն:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների) արտաքին առևտուրը, ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու և առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքներ արտադրելու և արտահանելու համար։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայացված ապրանքների արտահանման գործընթացը իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով և սահմանել պետական տուրք ոսկու և պլատինի ձուլակտորների, ինչպես նաև պալադիումի արտահանման լիցենզիաների տրամադրման համար։ Առաջարկվող կարգավորումները առավել արդյունավետ կդարձնեն թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը՝ խորացնելով այն պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը և արտահանումը։ Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ (միջինը՝ միջազգային բորսայական գնի 0.75-0.8%-ի չափով), որպեսզի ապահովվի մրցակցային գներ արտահանման և տեղում վերամշակման համար։Արտահանման վերը նշված ծավալների պահպանման դեպքում պետբյուջեի կանխատեսվող մուտքերը (պետական տուրքի տեսքով) կարող են ավելանալ շուրջ՝ 1 մլրդ դրամով: Օրինագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Հավանություն է տրվել նաև ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաև առանձին իրավաբանական (ներառյալ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական կազմակերպությունների) և ֆիզիկական անձանց հանդեպ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների զիջման դիմաց վերջիններիս օգտին թողարկել գանձապետական պարտատոմսեր առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանակական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը և դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը: Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը և հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: