Տարոնիկ գյուղի ճանապարհը վերանորոգվել է, ինչի արդյունքում նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում զբոսաշրջիկների ակտիվության միտում է նկատվում, բայց տեղանքում տարածքի բարեկարգման և կահավորման անհրաժեշտություն կա:
Կառավարության նիստին հնչած մտահոգությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցման շրջանակում նախատեսվում է նաև «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքի բարեկարգում:
«Մեր ծրագրերում կա: Մենք Կառավարության որոշման դաշտ ենք բերում այն փուլում, երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված աշխատանքներն ավարտված են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեծամորի թանգարանը շատ մեծ պոտենցիալ ունի, իմիջիայլոց, նաև Հայաստանում հանրահռչակման անհրաժեշտություն ունի, որովհետև շատ կարևոր մշակութային հաստատություն է: Ինձ թվում է՝ այս ծրագրի մեջ կներառենք»:
ԿԳՄՍ նախարարը ևս ընդգծեց. ««Մեծամոր» թանգարան-արգելոցը հսկայական պոտենցիալ ունի, և հանրահառչակման առումով այս տարի նրանք շատ հետաքրքիր ցուցադրություն էին կազմակերպել մետրոյում, այսինքն՝ շրջիկ ցուցադրություն էին կազմակերպել, որպեսզի հա՛մ իրազեկվածություն բարձրացնեն, հա՛մ ավելի շատ հնարավորություն ունենան այցելու ներգրավելու»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ այս տարի փոխվել է տոմսերի գնային քաղաքականությունը, ինչի արդյունքում շուրջ 50 տոկոսով ավելացել են արգելոց-թանգարանների եկամուտները: