Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստին հաստատվեցին գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները:
Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի Կառավարության որոշմամբ, որը բավականին հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ:
«Այժմ ներկայացված նախագծով Կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները»,- ասաց նախարարը և հավելեց, որ պահանջները համապատասխանում են գիտության միջազգայնացման քաղաքականությանը:
Այս համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման սանդղակները, որոնք նախատեսված են և՛ 2024, և՛ 2025 թվականների համար՝ դրանք համեմատելով 2018 թվականի ցուցանիշների հետ:
Օրինակ՝ գիտաշխատողի աշխատավարձը 2024-ի հունվարի 1-ից կբարձրանա 154 տոկոսով, 2025-ի հունվարի 1-ից՝ 205 տոկոսով: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2024 հունվարի 1-ից կբարձրանա 203 տոկոսով, 2025-ի հունվարի 1-ից՝ 243 տոկոսով, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2024 հունվարի 1-ից՝ 267 տոկոսով, 2025-ի հունվարի 1-ից՝ 288 տոկոսով, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ին հունվարի 1-ից՝ 262 տոկոսով, 2025-ի հունվարի 1-ից՝ 300 տոկոսով: Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024-ի հունվարի 1-ից՝ 171 տոկոսով, 2025-ի հունվարի 1-ից՝ 217 տոկոսով:
«Մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակառու տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն, և ահա այս որոշման մեջ տեսնում ենք նման մի կոնկրետ օրինակ, երբ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են և՛ թոշակավորվել, և՛ համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր որոշում է»,- ասաց նա և հավելեց, որ գիտության ոլորտում աշխատողի ոչ թե տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ աշխատունակությունը և որակավորումը:
Ժաննա Անդրեասյանը հավելեց՝ առաջիկա ատեստավորումներին, որոնք նախատեսված են 2024 ու 2025 թվականների համար, պետք է պատրաստվել այսօրվանից, քանի որ պահանջների բավարարումը 1 օրվա գործ չէ: