ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ գերատեսչությունը պարբերաբար հսկողական աշխատանքներ է իրականացնում տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ։
«Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած տվյալների համաձայն ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։
Պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ ներմուծված 6730 արկղ՝ շուրջ 83 հազար 546 կգ ընդհանուր քաշով պարարտանյութից տարածքում փաստացի առկա է եղել ընդամենը 3417 արկղը, իսկ մնացած ընդհանուր 33,130 կգ քաշով 3313 արկղ պարարտանյութն իրացվել է առանց մաքսային մարմինների թույլտվության։
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ և ընկերությանն առաջադրվել է ավելի քան 38 մլն ՀՀ դրամի չափով տուգանք»,- ասված է հաղորդագրության մեջ։