Եվրախորհրդարանը և Եվրամիության երկրները համաձայնության են եկել միգրացիոն ընդհանուր քաղաքականության բարեփոխման հարցում, հայտարարել է ներքին գործերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Նորարարությունների շարքը կոչվում է Միգրացիայի և ապաստանի տրամադրման մասին պայմանագիր, որը դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը:
Միջոցառումների փաթեթի շրջանակում նախատեսվում է խստացնել սահմանների հսկողությունը, արագացնել ապաստան տրամադրելու վերաբերյալ հարցումների քննարկման ընթացակարգը և ավելի արդյունավետ արտաքսել ԵՄ տարածք ապօրինի մուտք գործած անձանց: Բարեփոխումը ենթադրում է նաև միգրանտների ավելի արդար բաշխում երկրների միջև։
ԵՄ-ի տվյալներով՝ 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրոպայում սահմանների ապօրինի հատումն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով և հասել 355,3 հազարի, ինչը առավելագույնն է 2016 թվականից ի վեր։ Միգրանտների հոսքի խորապատկերում, նոյեմբերի 28-ին Ֆինլանդիան մինչև դեկտեմբերի 13-ը փակել է Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցումները։ Դեկտեմբերի 14-ին երկու անցակետերի աշխատանքը վերականգնվել է, սակայն նույն օրը կրկին փակվել։