Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արևմուտքի միջնորդությանը:
«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ը լրամշակեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը՝ Եվրամիության այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին: Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում հայտնվել էին Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն որոշ ժամանակ անց նրանք այնտեղից հրաշքով անհետացան։
Բրյուսելն իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերի համապատասխանության տեսք հաղորդելու համար երրորդ երկրներին խաբեությամբ ներքաշում է իր գործառութային միջոցների մեջ: Սակայն այդ բոլոր փորձերը ապակառուցողական են ու անհեռանկար: ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,- նշել է Զախարովան։
«Արևմուտքի նպատակը ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կամ երկարատև ճգնաժամի հետևանքների կարգավորման հետ։ Սա պարզապես հակառուսական ևս մեկ քայլ է»,- հավելել է նա:
Զախարովայի խոսքով՝ փորձելով ստիպել Ռուսաստանի հարևաններին հետևել պատժամիջոցներին, այդ թվում՝ հակառուսական կուրսին, ԵՄ-ն պարզապես դիմում է բոլոր հնարավոր միջոցներին, ներառյալ բացահայտ կեղծիքները: