Ի՞նչ փուլում է հիմա բանակցային պրոցեսը, արդյոք մենք անցնում ենք երկկողմ ֆորմատի, ԼՂ հարցը փակվե՞լ է, մենք ինչ-որ բան հիմա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ:: Հանրային Հ/Ը եթերում, անդրադառնալով այս հարցերին, վարչապետ Փաշինյանը պատասխանեց.
«Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, որովհետև 2018 թվականին էլ, այդ էլ է, իմիջիայլոց, հաջորդ նրբություններից մեկը, ես ասել եմ՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ: Իմիջիայլոց, կուզեմ հետևյալն ասել, որ օրինակ ասում են` ուժեր են եղել, ովքեր Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են, որ Հայաստանում պետականություն չկայանա: Սա ի՞նչ է նշանակում, շատ կարևոր է սրա մեկնաբանությունը: Շատ պարզ բան է նշանակում. մենք բոլորս` ինձնից սկսած, նախորդներով վերջացրած, Հայաստանի Հանրապետության ռեսուրսների 70-80 տոկոսը կամ հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:
Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ և այլն, և այդպես շարունակ: Հասկանո՞ւմ եք` ինչ նկատի ունեմ, հո մեզ չե՞ն ասել` պետականությունը թող չկայանա, ստեղծվել է իրավիճակ, երբ մեր երկրի ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր պետության ստեղծման վրա, ես այդ ելույթում էլ ասացի` այն ռեսուրսները, որ պետք է մենք դնեինք Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու վրա: Մի բան հաշվի չենք առել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, նորից կարող եմ թվարկել, ուղղակի կարճ եմ ասում, 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016թ. բանակցային փաթեթներով, անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»:
Վարչապետը նշեց` Կառավարության քաղաքականությունը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները պետք է պաշտպանվեն:
«Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք ասում ենք, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք կամ հնարավորություն չունենա կամ ցանկություն, մեր քաղաքականությունն է, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն և արարեն Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, որպեսզի հիմա նորից չստացվի, որ նախորդ շրջանի իմ իսկ թվարկած սխալները կրկնում եմ, հիմա շատ պարզ է դաշտը, բաց է, Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում:
Իհարկե, մենք դրան կարող ենք ասել Նախիջևանի հայերի վերադարձի իրավունքը, Բաքվի հայերի վերադարձի իրավունքը, Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունք, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է: Եվ այն, ինչ ես չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, նույնիսկ 2021 թվին, ասում եմ հիմա»,- ասաց նա:
Բանակցային պրոցեսում, ըստ վարչապետի, որոշակի շարժունակություն կա:
«Բանակցային պրոցեսն, իմիջիայլոց, կապ ունի հարթակների հետ կապված հարցի հետ նաև: Բանակցային պրոցեսը որոշակի կանխատեսելիություն պետք է ունենա: Եվ հիմա այո, պետք է գնան բանակցություններ և այդ բանակցությունները շատ կարևոր է, որ հիմնվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների վրա: Երեք սկզբունքների վրա, որոնք համաձայնեցվել են բրյուսելյան հարթակում: Մենք պատկերացնում ենք խաղաղության պրոցեսն այդպես և բանակցային գործընթացը, այո՛, շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ռեժիմով, որովհետև գիտեք` մենք Ադրբեջանին ենք մեր առաջարկները տվել, հիմա սպասում ենք իրենց կողմից արձագանքին: Իմիջիայլոց, այդ էլ ասեմ. իրենք մեզ մեղադրում էին, թե մենք երկու ամիս չենք տալիս: Դրան էլ պետք է անդրադառնանք, ի՞նչն էր դրա պատճառը, որովհետև մեր առաջարկները պատրաստ էին, և առաջիկայում նախատեսվում էին անընդհատ հանդիպումներ».- ասաց նա` նկատելով` իրադրությունները զարգանում են, և նաև որոշակի ըմբռնում է պետք է ձևավորել, սկզբունքները և այլն:
Ըստ Փաշինյանի` բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում իրար վրա մերժել է, երբ հանդիպումներն այդ բանակցային փաթեթի փոխանցման պրոցեսի մաս էին:
«Բայց հիմա էլ բանակցությունները ես համարում եմ, որ շարունակվում են Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև եթե այժմ առերես քննարկել չհաջողվի կամ չի հաջողվում, այդ աշխատանքն էլ է բանակցություն, չնայած աշխատանքային մակարդակով շփումներ կան, այն շփումները, որոնց մասին խոսել ենք, գիտեք, կարող են նաև նոր շփումներ լինել»,- ասաց նա: