Լոնդոնում աշխատանքային այցով գտնվող Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին, անդրադարձել Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Դեկտեմբերի 7-ին երկու երկրները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ պատրաստակամություն հայտնելով առաջ մղելու խաղաղության օրակարգը և ամրապնդելու վստահության մթնոլորտը,- նշել է Հաջիևը, հավելել՝ Բաքուն հանդես է գալիս ուղիղ երկխոսության օգտին։
«Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը չի մերժում միջնորդական ջանքերը: Բայց կարևոր է, որ երկու երկրները հասնեն խաղաղության, ինչից հետո մեր գործընկերները կարող են աջակցել այդ ձեռքբերմանը»,- շեշտել է Հաջիևը:
Ալիևի օգնականի խոսքով՝ վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանգիստ շրջանը։ «Չկան պատերազմ, վայրագություններ, առճակատում, զինվորները վերադառնում են զորանոցներ: Տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է։ Հիմա ժամանակն է տևական խաղաղություն հաստատել և պայմանագիր ստորագրել»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիքմեթ Հաջիևը Reuters-ի հետ զրույցում էլ նշել է, որ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ճանապարհին և հավատացած է, որ սահմանների հստակեցման հարցը կարող է լուծվել առանձին։ «35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է»,- նշել է պաշտոնյան:
Հաջիևը նաև հերթական անգամ հայտարարել է, թե իբր Ադրբեջանը չի ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին լքել իրենց տները և այժմ էլ պատրաստ են պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար հարկավոր է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: