Ուկրաինայի նախագահը տարին ամփոփող մամուլի ասուլիս է անցկացրել, անդրադարձել պատերազմի ընթացքին, Ուկրաինային արևմտյան աջակցությանը, ռուս-ուկրաինական բանակցությունների հեռանկարին: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանը մարտի դաշտում չի հասել իր նպատակներին: Նրա խոսքով՝ ուկրաինական հակահարձակումը դժվարությամբ է ընթացել, քանի որ բանակը բավարար զինամթերք չուներ, մինչ օրս էլ լուրջ խնդիր է հակաօդային պաշտպանությունը: Միաժամանակ նա գոհունակություն է հայտնել, որ առաջիկայում Կիևը Patriot ՀՕՊ համակարգեր կստանա։
Զելենսկիի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայում մեկ միլիոն անօդաչու թռչող սարք կարտադրվի։ Պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնը չի դավաճանի Ուկրաինային և անհրաժեշտ աջակցություն կտրամադրի: Նախագահը հավելել է, որ այժմ կարևոր է Կիևի եվրատլանտյան ինտեգրումը, սակայն Ուկրաինան դեռ չի հրավիրվել Դաշինք: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին մասնակի անդամակցության մասին խոսակցություններն անհեթեթություն են: Զելենսկին նշել է, որ դանդաղում է նաև Կիևին «անվտանգության երաշխիքների» տրամադրման գործընթացը, ինչը ևս մտահոգիչ է։
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք 2024 թվականին պատերազմը կարող է ավարտվել՝ Զելենսկին նշել է՝ ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը, միանշանակ է միայն, որ Ուկրաինան պատրաստ չէ հրաժարվել իր տարածքներից:
«Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությանը... այդ հարցն այսօր ակտուալ չէ։ Ռուսաստանի կողմից նման պատրաստակամություն չենք տեսնում», - նշել է նախագահը։
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: