Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիա են իրականացրել ձկնորսները: Նրանք դեմ են սիգի որսի արգելքին։ Թեև շրջակա միջավայրի նախարարությունը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ից` ձվադրմամբ պայմանավորված, որսն արգելվելու է, նրանք պահանջել են թույլ տալ զբաղվել ձկնորսությամբ՝ շեշտելով, որ դա իրենց ապրուստի միակ միջոցն է:
Ձկնորսները հայտնել են, որ ձերբակալվածների մեծ մասը Նորատուսից է, և նշել են, որ պարեկների հետ միջադեպը տեղի է ունեցել, քանի որ իրենց արգելել են ձուկ որսալ:
Գեղարքունիքի մարզպետն էլ «Լուրերին»-ին փոխանցել է, որ ձկնորսների հետ քննարկումներ են եղել, վերջինը՝ կիրակի, որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Բավականին լավ առաջարկ է արել պարոն Սիմիդյանը. առաջարկել է, որ մինչև դեկտեմբերի 24-ն իրենք հնարավորություն կունենան զբաղվելու ձկնորսությամբ, այնուհետև մեկ օր կունենան ժամանակ լողամիջոցները և ցանցերը դուրս բերելու համար: Այնուհետև ամսի 26-ից «Սևան» ազգային պարկի հսկիչ նավը դուրս կգա լիճ, և ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերը դուրս կբերվեն: Այդ պահին միանշանակ չի ընդունվել այդ առաջարկը, առաջարկել ենք, որ իրենք մեկ անգամ ևս միասին քննարկեն և մեկ հայտարարի գալով ասեն, թե ի՛նչ կարծիք ունեն մեր առաջարկի մասով: Ստացել ենք արձագանք, որ միանշանակ չի. որոշները չեն համաձայնվում և չեն ուզում այդ ժամանակահատվածում դադարեցնել ձնկնորսությունը: Դրան հետևել է միջոցառումների մեր շարքը, ծրագիրը, ինչի արդյունքում եղել են նմանատիպ խնդիրներ: Դա է եղել ընդհանուր պատկերը»,- ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սևանում միջադեպ է տեղի ունեցել ձկնորսների, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցների ու «Սևան ազգային պարկի» ծառայողների մասնակցությամբ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ:
Իրավապահ կառույցը մանրամասնում է. ոստիկաններից ու ազգային պարկի աշխատակիցներից ստացված հաղորդման համաձայն՝ երեկ ջրային պարեկները, «Սևան ազգային պարկի» ծառայողների հետ 2 նավակով ծառայություն իրականացնելիս են եղել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ:
Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված անձինք հայհոյել են պարեկներին և ազգային պարկի անձնակազմին, սպառնացել հրկիզել նրանց, նավերի ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկի» նավի վրա, վիճաբանել, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին: Ձկնորսներից մեկը կտրել է «Սևան ազգային պարկի» նավի պարանը և այն տարել: Պարեկների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: