Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։
«Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիա են իրականացրել ձկնորսները: Նրանք դեմ են սիգի որսի արգելքին։ Թեև շրջակա միջավայրի նախարարությունը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ից` ձվադրմամբ պայմանավորված, որսն արգելվելու է, նրանք պահանջել են թույլ տալ զբաղվել ձկնորսությամբ՝ շեշտելով, որ դա իրենց ապրուստի միակ միջոցն է:
Գեղարքունիքում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ: Ձկնորսները հայտնել են, որ ձերբակալվածների մեծ մասը Նորատուսից է, և նշել են, որ պարեկների հետ միջադեպը տեղի է ունեցել, քանի որ իրենց արգելել են ձուկ որսալ: