Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին, անդրադարձել Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Դեկտեմբերի 7-ին երկու երկրները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ պատրաստակամություն հայտնելով առաջ մղելու խաղաղության օրակարգը և ամրապնդելու վստահության մթնոլորտը»,- նշել է Հաջիևը, հավելել՝ Բաքուն հանդես է գալիս ուղիղ երկխոսության օգտին։
Ալիևի օգնականի խոսքով՝ վերջին երեք ամիսը կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանգիստ շրջանը։ «Չկան պատերազմ, վայրագություններ, առճակատում, զինվորները վերադառնում են զորանոցներ: Տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է։ Հիմա ժամանակն է տևական խաղաղություն հաստատել և պայմանագիր ստորագրել»,- նշել է Հաջիևը: Ալիևի օգնականը հայտարարել է նաև, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է միջնորդական դեր խաղալ բանակցություններում, պետք է փոխի Բաքվի նկատմամբ վերաբերմունքը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Վաշինգտոնը միակողմանի, հայամետ դիրքորոշում է վարում, ինչը մտահոգություն է առաջացնում Բաքվում:
Հաջիևի խոսքով՝ հիասթափեցնող են նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ արձանագրության շուրջ զարգացումները, որով դադարեցվել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական աջակցությունը:
Ալիևի օգնականը Reuters-ի հետ զրույցում շեշտել է՝ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ճանապարհին և հավատացած է, որ սահմանների հստակեցման հարցը կարող է լուծվել առանձին։
Հաջիևը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Ադրբեջանը չի ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին լքել իրենց տները և այժմ էլ պատրաստ են պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար հարկավոր է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:
Newsweek-ի հետ զրույցում էլ Հաջիևը նշել է՝ սեպտեմբերի 19-ին՝ հարձակումից 10 րոպե առաջ, Մոսկվան և ռուս խաղաղապահները նախազգուշացվել են: Նա հերքել է լուրերը, թե սեպտեմբերյան գործողությունները համակարգվել են Մոսկվայի հետ, միևնույն ժամանակ շեշտել՝ Բաքվին չի զարմացրել ռուսական կողմից արձագանքի բացակայությունը:
Ադրբեջանի նախագահի օգնականը՝ արձագանքելով մտահոգություններին, որ Ադրբեջանը կարող է ուժ կիրառել՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու համար, նշել է՝ թե այդ աղմուկն արհեստական է: «Ադրբեջանն այլևս ռազմական նպատակներ չունի: Մեզ համար պատերազմը և հակամարտությունն ավարտվել են»,- նշել է նա: