Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Արտագես գյուղի սկզբնամասում իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդով բեռնատարներ, ամբարձիչ, վերամբարձիչներ։ Մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են, որ ավազակոպճային խառնուրդ դուրս բերելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունեն։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից:
Ապօրինի արդյունահանման հաջորդ դեպքը բացահայտվեց դեկտեմբերի 14-ին: Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Զարթոնքից Արևիկ տանող ճանապարհին իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Ստացված տեղեկությունն իրացնելիս նշված վայրում իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ ավազակոպճային խառնուրդ, ավազի լվացման կետ, ամբարձիչ, էքսկավատոր և բեռնատարներ, իսկ 500 մ հեռավորության վրա տարբեր չափսերի և խորության ջրափոսեր և թրթուրավոր էքսկավատոր կային։ Այս դեպքում ևս մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են ավազակոպճային խառնուրդի դուրսբերման, բեռնման ու տեղափոխման վերաբերյալ մանրամասներ։
Դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնագոգ գյուղում իրականացվում է հրաբխային խարամի ապօրինի արդյունահանում։ Նշված հասցեում կային շարժման մեջ գտնվող ամբարձիչ և հրաբխային խարամով բեռնված երկու բեռնատար։ Մոտ 200 մ հեռավորության վրա հայտնաբերվել են հրաբխային խարամի զանգվածներ։ Պարզվել է նաև, որ այդ օրը 7 բեռնատար հրաբխային խարամ արդեն տեղափոխվել է Դալարիկ։ Բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։