Սպիտակ տունը մինչև այս տարվա վերջ աջակցության ևս մեկ փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այն կլինի վերջինը՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա չի հստակեցրել՝ արդյոք խոսքն այս տարվա՞, թե՞ ընդհանուր օգնության ծավալը սպառելու մասին է: Քիրբիի խոսքով՝ աջակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի համաձայնությունը: Նա պնդել է՝ Կիևը Վաշինգտոնի կարիքն ունի: Քիրբիի խոսքով՝ Ջո Բայդենը պատրաստ է բանակցել հանրապետականների հետ, նույնիսկ փոխզիջումների գնալ՝ կարգավորելու առկա տարաձայնությունները:
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանք էր ներկայացրել Կոնգրես։ Հանրապետականները չեն աջակցել նախաձեռնությանը՝ նշելով, որ ցանկանում են ավելի շատ միջոցներ հատկացնել ամերիկյան սահմանների ամրապնդմանը:
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ հայտարարել է, որ գերատեսչությունը դեռ կարող է զենք տրամադրել Ուկրաինային իր պահեստներից, սակայն, նրա խոսքով, ամերիկյան կողմը պետք է մտածի նաև սեփական մարտական կարողությունների մասին, քանի որ միջոցները սպառվում են։