ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը և այդ հարցում Թուրքիայի առարկություններին:
Լրագրողը հարցրել է՝ արդյոք Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկո՞ւմ են Անկարային F-16 կործանիչների վաճառքի հարցը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու դիմաց։
Միլլերը պատասխանել է՝ մտադիր չէ հանրայնացնել այդ հարցը: «Միայն կնշեմ, որ մենք հստակ ասել ենք՝ աջակցում ենք Թուրքիային F-16-երի վաճառքին։ Կոնգրեսում կան մարդիկ, որոնք այս գործարքը կապում են Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման հետ: Մենք պետք է հնարավորինս արագ հասնենք դրան»,- հավելել է Պետքարտուղարության խոսնակը։
Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ ակնարկել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կանաչ լույս չի վառի Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրման համար, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքը։