Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բուդապեշտում կայացած հանդիպման շրջանակում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության ամրապնդման 17 համաձայնագիր է կնքվել։
Կողմերը Թուրքիայի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերությունը ռազմավարական ընդլայնված գործընկերության մակարդակի հասցնելու մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել հարաբերությունները, մասնավորապես, մշակույթի, կրթության, գիտության, նորարարության, զբոսաշրջության, պաշտպանական արդյունաբերության, տեխնոլոգիաների, առևտրի, էներգետիկայի, տեղեկատվության և այլ ոլորտներում:
Վիկտոր Օրբանը Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է՝ «Մեծ ծրագիր ունենք՝ Թուրքիայի և Հունգարիայի ժողովուրդները պետք է 21-րդ դարի հաղթողները դառնան»: Վարչապետը հավելել է՝ Հունգարիայի անվտանգության ապահովումն անհնար է առանց Թուրքիայի: