2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական կարողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում` առաքելության Գործողությունների տարածքում՝ անձնակազմի թիվը 138 աշխատակցից հասցնելով 209-ի։ Այդ մասին նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը հիշեցրել է, որ EUMA-ն գործարկվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ երկամյա մանդատով, և կմնա ամբողջովին քաղաքացիական և անզեն ԵՄ առաքելություն, որը գործում է որպես անաչառ դերակատար:
«Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։ Առաքելությունն այժմ կկարողանա ավելի շատ պարեկություն իրականացնել տեղում: Արդյունքում, ավելի մեծ հնարավորություն կունենա դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմի անվտանգային իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգության ապահովմանը», - ասել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակի մասին` նպաստելով հակամարտություններից տուժած տարածքներում մարդկանց անվտանգության ապահովմանը և վերը նշվածի հիման վրա՝ նպաստել ԵՄ` բարձր մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանն ու դրանց կարգավորմանն ուղղված ջանքերին:
Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված օպերատիվ վեց գրասենյակից: Այս տարածքն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ողջ սահմանը։ Առաքելության ուժեղացումը վերջինիս հնարավորություն կտա ավելի շատ պարեկային գործողություններ իրականացնել՝ այդպիսով ուժեղացնելով տեղում ներկայությունը և հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի բնակչության հետ շփումը», նշված է հաղորդագրությանմեջ։