Միջազգային բարդ պայմաններում ՀԱՊԿ-ը հաստատակամորեն և հետևողականորեն պահպանել է հավաքական անվտանգության ամրապնդման, անդամ պետությունների օրինական շահերի ապահովման ուղին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ՀԱՊԿ խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստում:
Նա տեղեկացրել է, որ խորհուրդն ընդունել է ՀԱՊԿ-ի օպերատիվ կարողությունները բարձրացնող փաստաթղթերի «ծանրակշիռ փաթեթ»։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս տարվա կարևոր ձեռքբերումներից է եղել ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացման միջոցառումների մասին որոշման մշակումն ու ընդունումը:
Տասմագամբետովը նշել է նաև, որ 2024 թվականի համար ՀԱՊԿ-ը նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք կանցկացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էլ հայտարարել է, որ կենսաբանական անվտանգությունն առաջիկայում կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության պաշտոնական ուղղություն:
«Մեր երկրների սահմանների անմիջական հարևանությամբ արգելված ռազմակենսաբանական հետազոտությունների անցկացումը սպառնալիք է ստեղծում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր երկրներում մարդկանց կյանքի համար»,- ասել է Վոլոդինը:
Հիշեցնենք, որ հայկական կողմը չի մասնակցում ՀԱՊԿ համատեղ նիստին: