Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել տարեկան ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն։ Այդ մասին տեղեկացնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Ներկայացվել են Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների 2023 թվականին իրականացված աշխատանքները։ Միաժամանակ քննարկվել է 2024 թվականի միջոցառումների համալիր ծրագիրը։
ՀԿԱԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են իրենց բաժինների հաշվետու տարվա գործունեության արդյունքները, իրականացված միջոցառումները։ Արձանագրվել է, որ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների տարեկան պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են, իսկ որոշ ծրագրեր էլ կշարունակվեն հաջորդ տարի։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի քննարկման, տեսչական ստուգումների արդյունքների վերլուծության և կարիքների գնահատման համադրմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված 2024 թվականին նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանն ու Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Գլխավոր հարկադիր կատարողի կողմից նաև ցուցում է տրվել 2024 թվականին իրականացման ենթակա միջոցառումների ծրագիրը մշակելիս ելակետային համարել 2022-2026 թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ հարկադիր կատարման ոլորտին վերաբերող միջոցառումները։