Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաև քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություներ նախատեսող նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
«Դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում է իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգերն ամբողջացնելու նպատակով սահմանվում են կարգավորումներ` ուղղված բացասական եզրակացության դեպքում դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելուն: Այսպիսով ամբողջությամբ կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն համապատասխան պետական մարմիններում բարեվարքության աստիճանի բարելավմանն ու պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` նշելով, որ նախաձեռնությամբ ընդլայնվում են գործող կառուցակարգերը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը կարևորել է նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով պատգամավորների մտահոգությունները վկայում են այն մասին, որ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ է լավարկել նախաձեռնությունը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով նախաձեռնությունը, համաձայնել է գործընկերների այն դիտարկման հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կանխարգելիչ դերակատարություն ունենա և չդառնա մահակ այս կամ այն պաշտոնյայի համար: Ըստ պատգամավորի` նախաձեռնությամբ կրկին նոր լիազորություններ են տրվում ԿԿՀ-ին, որոնք վերջինս պետք է յուրացնի, որի համար ժամանակ է հարկավոր: «Մենք պետք է մտածենք Կոռուպցիայիկանխագրելման հանձնաժողովի թվակազմն ընդլայնելու մասին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը: Նա առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկում:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: