ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել վերջինիս գործունեությունը՝ ուղղված հայագիտության զարգացմանը: «Հայագիտությունը մեր կարևոր ուղղություններից մեկն է, որի զարգացման նպատակով նախաձեռնել ենք ռազմավարության մշակման գործընթաց: Պատրաստ ենք քննարկել հայագիտությանն աջակցելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: 2023 թվականին այն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում:
Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը, որոնք վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգությանը:
Հայագետը տեղեկացրել է՝ նախատեսվում է գալիք տարին նշանավորել որպես հայկական մշակութային ժառանգության տարի, որի շրջանակում կկազմակերպվեն դասախոսություններ, միջոցառումներ, ցուցահանդեսներ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ ցուցահանդեսով ներկայացնելու Սյունիքում իրականացված հետազոտության արդյունքները, Լեռնային Ղարաբաղի խաչքարերի լուսանկարները:
Հանդիպմանը քննարկվել են հայագիտությունը որպես գիտաճյուղ ավելի գրավիչ և ճանաչելի դարձնելու հնարավորությունը, կադրերի համակարգում գործուղման մեխանիզմներ կամ փոխանակման ծրագիր մշակելու հեռանկարները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նշվելու է Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը, որի շրջանակում աշխատանքներ են տարվում օրակարգում ընդգրկելու հայկական մշակույթը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությունը: Նախարարն այս համատեքստում կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ շարունակական աշխատանքները՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն ուղարկելու նպատակով: Կարևորվել է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը օրակարգային դարձնելու հարցը:
Հանդիպմանը քննարկվել են նաև հայագիտության զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր: