Վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաև Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում: Սա պարզ է դարձել ուսումնասիրությունների արդյունքում. ասել է Ռուստամ Բաքոյանը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված վաղ ամուսնության հարցերին և ազդեցություններին:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հավելել է, որ վաղ ամուսնությունները խնդիրներ են առաջացնում անձանց համար և՛ կրթական, և՛ առողջապահական, և՛ սոցիալական իմաստներով:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ իրավասու օղակների, եզդիական համայնքի, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ ամուսնության տարիքի շեմի բարձրացման նպատակով նախատեսել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հարցի առնչությամբ աշխատանքները սկսվել են դեռևս յոթերորդ գումարման Ազգային ժողովում աշխատելիս: Նրա խոսքով եզդիական համայնքում խնդիրները մեծ են հատկապես վաղ ամուսնությունների հետ կապված:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը Հայաստանում 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողները ողջունել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, հանդես եկել առաջարկներով, ներկայացրել նաև որոշակի դիտարկումներ և վիճակագրական տվյալներ վաղ և հարկադրված ամուսնությունների վերաբերյալ: Առաջարկ է եղել նաև բարձրացնել չափահասության տարիքը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջացող խնդիրներից մեկը լիարժեք կրթություն չստանալն է: «Վաղ ամուսնություն ունենալու դեպքում միանշանակ խաթարվում է երեխաների ոչ միայն առողջության, այլև նրանց հետագա կյանքում հաջողությունների հասնելու հնարավորությունը»,- ընդգծել է փոխնախարարը՝ կարևորելով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է, որ թե՛ ընտանիքների, թե՛ երեխաների գիտակցության մեջ կարողանանք ձևավորել ճիշտ մոտեցում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղ ամուսնությունն իրենց հետագա կյանքի վրա»,- ասել է նա:
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն անդրադարձել է վաղ ամուսնությունների դեպքում աղջիկների առողջության վրա բացասական ազդեցություններին: Դրանցից են բարդ ծննդաբերությունները, հետագա կյանքում ի հայտ եկող գինեկոլոգիական խնդիրները, երեխայի խնամքի հետ կապված հարցերը և այլն: 2000, 2005, 2010 թվականներին իրականացված ժողովրդագրական առողջապահական հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական մահացությունը շատ ավելի բարձր է կրթական ցածր ցենզ ունեցող մայրիկների մոտ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականին գրանցվել է 14-19 տարեկան աղջիկների 3372, իսկ 2021 թվականին՝ 1042 ծննդաբերություն: 2011 թվականին գրանցվել է 16-19 տարեկան աղջիկների 1747 վաղ ամուսնություն: 2021 թվականին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 675-ի:
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես կարևորել է քննարկումը և օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ մինչև 21 տարեկանի: Առաջարկվել է նաև բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Իր առաջարկներն Արսեն Թորոսյանը հիմնավորել է մի շարք փաստերով և հանգամանքներով, ընդգծել հանրության շրջանում առկա մի շարք կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ կներկայացնի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն նաև լսումներ: