Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը:
Զարուհի Մանուչարյանը նախ հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների նշանակման դիմումները: Նա ընդգծել է, որ խոսքն այն հայրենակիցների մասին է, ովքեր արդեն իսկ ստանում էին կենսաթոշակներ Լեռնային Ղարաբաղում: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում: Կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար:
40+10 հազար դրամ և 50 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին մանրամասներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ նախարարության նախաձեռնած փոփոխությունների հիման վրա Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և առաջիկա Կառավարության նիստով կամրագրվի փոփոխություն, որով հնարավոր կլինի 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն. «Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասել է Աննա Ժամակոչյանը:
Այն դեպքերում, երբ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի հետ կապված երեխաների տվյալները չեն լրացվել, այս հարցի կապակցությամբ նախարարի տեղակալը նշել է, որ համակարգն այժմ թույլ է տալիս խմբագրել տվյալները և ավելացնել երեխաների տվյալները:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անձը որոշ ժամանակով լքել է երկիրը, ապա վերադարձել, նախարարի տեղակալը նշել է. «Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ բացակայել են և չեն դիմել և վերադարձել են հաջորդ ամիս, հաջորդ ամսվա դիմումի ժամանակ, դիմումը մշակելիս մենք կդիտարկենք նաև բացակա օրերի քանակը նախորդ ամսվա համար և, հաշվի առնելով բացակայության օրերի թիվը, եթե դրանք կլինեն 10 օրից պակաս, նրանք կստանան նաև նախորդ ամիսների աջակցությունը, այսինքն՝ նոյեմբերից սկսած նախորդ ամիսները»:
Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ հաջորդ շաբաթվանից կմեկնարկի դեկտեմբեր ամսվա վճարման գործընթացը:
Զարուհի Մանուչարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կենսաթոշակների նշանակման համար պարտադիր պայման է ունենալ հաշվառում, որի համար պետք է մոտենալ անձնագրային բաժիններ, որոնք աշխատում են նաև շաբաթ օրերին միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկման համար: