Նախագծի նպատակն է Պրոբացիայի ծառայությանը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պրոբացիայի ծառայության մասին», ինչպես նաև «Պրոբացիայի ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Լևոն Բալյանը նշել է, որ ծառայությունն ապահովում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանք և վարչական հսկողություն, այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատվելու, պատժից վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ:
Ըստ նրա՝ Պրոբացիայի ծառայությունն է իրականացնում նաև իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցները:
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով կկարգավորվեն ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, ծառայության սկզբունքները, խնդիրները, ծառայության անցնելու կարգը և ծառայության պայմանները: Կկանոնակարգվեն նաև ծառայության հետ կապված ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշակի խմբագրական աշխատանքներ, տեխնիկական բնույթի շտկումներ:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ փոփոխությունները կնպաստեն Պրոբացիայի ծառայությունն ավելի արհեստավարժ կադրերով համալրելուն: Պատգամավորը տեղեկացրել է, որ Կառավարության կողմից առաջարկված տեխնիկական փոփոխություններն ընդունվել են: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: