76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արարատ-73-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:
Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։
«Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։ Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։
1992 թվականից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր, ֆեդերացիայի առաջին նախագահը մինչև 1994 թվականը։