Առաջարկվում է ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը: Դա հնարավորություն կտա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում Դատական, Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում: Նոր կարգավորումները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նա նշել է, որ փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային վարույթ նախատեսելուն, սկսվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության «Էլեկտրոնային դատարան» ծրագրի գործարկումը: Դատավարության մասնակիցներն օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում կկարողանան ամբողջ դատավարական գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով:
Պատգամավորների հարցերը վերաբերել են տվյալների պաշտպանության անվտանգությանը, համակարգին հասանելիությանը, ծանուցման համակարգի պատշաճ գործարկմանը, գործերի վարման կարգին, համակարգի թվայնացման ձևաչափին, դատարանում էլեկտրոնային հարթակի վարմանը, կեղծ էլեկտրոնային փաստաթղթերի հնարավորությանը և այլն: Փոխնախարարը նշել է, որ ի տարբերություն փաստաբանների և իրավաբանական անձանց` այս փուլում ֆիզիկական անձանց համար պարտադիր այս հարթակի միջոցով հայց ներկայացնելու պահանջ դրված չէ: Նշել է, որ նոր ստեղծված քաղաքացիական դատավարության համակարգը Դատական դեպարտամենտի սերվերային համակարգի վրա է, որը նույն անվտանգության չափանիշներն է ապահովելու: Արա Մկրտչյանն իրազեկել է, որ համակարգն ընդունելուց առաջ Արդարադատության նախարարության միջոցներով իրականացվել է ամբողջական աուդիտ, ստուգվել է համակարգը թե' անվտանգության, թե' ծանրաբեռնվածության և այլ ասպեկտներով: Նրա խոսքով համակարգն ինտեգրվել է Հայաստանում գործող շատ համակարգերի հետ և յուրաքանչյուր նոր համակարգի գործարկման դեպքում ինտեգրացիա իրականացնելու հնարավորություն ունի: Նշելով, որ ծանուցման համակարգը տարբերվում է sms կամ հեռախոսային ծանուցումների համակարգից` փոխնախարարը ներկայացրել է առանձնացված վարույթների մասով ծանուցման եղանակը: Նա ընդգծել է, որ նպատակն է հասնել այնպիսի իրավիճակի, երբ դատավարությունը, եթե ոչ ամբողջապես, ապա առավելապես իրականացվի թվայնացված հարթակի միջոցով: Փոխնախարարը ներկայացրել է նաև տեխնիկական վերազինման մանրամասները:
Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը, կարևորելով թվայնացման գործընթացը, խոսել է փոփոխությունների արդյունքում դատական համակարգում հնարավոր խնդիրների առաջացման մասին:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: