ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը ՀՀ-ն չի միացել: Այդ մասին լուրը Լուրերին հաստատում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ:
Կոնկրետ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»,- ասել է Բադալյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակի» հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որոնք Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով: Եվրոպական կողմն այնուհետև ուղղել էր հայտարարությունը՝ որոշմանը միացած երկրների ցանկից հանելով Հայաստանը: