Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների և գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեև դրանց անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Կառավարության կողմից հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության համապատասխան կետերով: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունների արդյունքում լուծում կտրվի Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների, շեշտը կդրվի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, քաղաքացիների համար առավել լավ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նոր կարգավորումներով դատական գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները, ծանուցումները կուղարկվեն նաև հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ: Հաղորդագրություն ուղարկելով` դատարանները կազատվեն ակնհայտ անհիմն հայցերից, կսահմանվեն վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ, կլուծվեն ենթակայության վեճերին վերաբերող խնդիրները:
Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի քանի փոփոխություններ են նախատեսվում:
Պատգամավորների հարցերը վերաբերել են արտահերթ նիստում նախագծի քննարկման անհրաժեշտությանը, քննարկվող փոփոխություններին, դրանց` շահագրգիռ կողմերի հետ քննարկված լինելուն:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ փոփոխությունների մեծ փաթեթ է առաջարկվել Արդարադատության նախարարությանը: Պատգամավորն առաջարկել է քննարկված նախագծին տալ դրական եզրակացություն, մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկում:
«Աշխատանքային քննարկման ընթացքում կբարձրաձայնենք մեզ հուզող բոլոր հարցերը, առաջարկները մանրամասն կքննարկենք ու մինչև նախագծի երկրորդ ընթերցում կունենանք լրամշակված տարբերակ»,- ասել է հարակից զեկուցողը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: